Մեկուսացում
«Մեկուսացում կամ օր…» շարքը ստեղծվել է 2020 թվականի համաշխարհային մեկուսացման ընթացքում, երբ ապրելը սահմանափակվում էր չորս պատի միջավայրով, և նույնիսկ ամենասովորական առարկաները՝ դուռը, պատուհանը, պատի հարթությունը, ձեռք էին բերում նոր, երբեմն անսպասելի ներկայություն։ Դրանք այլևս պարզապես ֆունկցիոնալ տարրեր չեն․ դրանք դառնում են լռակյաց վկաներ մարդու ներքին ապրումների։
Սերիայի յուրաքանչյուր աշխատանք կրում է «Մեկուսացում կամ օր N» անվանումը՝ արտացոլելով այն հոգեբանական պրակտիկան, որով մարդիկ հաշվում էին մեկուսացման օրերը՝ առաջինից մինչև անհայտ ավարտը։ Թվացյալ «հանգիստ» փակվածությունն իրականում ուղեկցվում էր ներքին անհանգստությամբ․ կարծես թե կյանքը տրվել էր որպես անսպասելի արձակուրդ, սակայն անորոշությունը և անվստահելի ապագան մշտապես խանգարում էին հանգստանալ։
Գունային աշխարհը՝ մուգ կապույտի, կարմիրի, սևի և շականակագույնի համադրությունները, փոխանցում են միաժամանակ լրջություն և լուռ անհանգստություն։ Այս աշխատանքները խոսում են այն առանձնացված ներաշխարհի մասին, որտեղ ժամանակը դառնում է չափանիշ՝ օրերի հաշվարկ, իսկ տարածությունը՝ փակվածության տեսանելի դրոշմ։